Ռազմինֆոն գարնանային զորակոչի մեկնարկի հետ ներկայացնում է նոր հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Մենք մշտապես նրանց կպահենք ուշադրության կենտրոնում ծառայության ամբողջ ընթացքում։
Մեր առաջին զրուցակիցը Սարգիս Մինասյանն է՝ Մասիս քաղաքից։ Սարգիսն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբերնետիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ կիբերնետիկ-չափագետ է։ Զորակոչվում է Հայկական բանակ հունիսին։

Սարգիս Մինասյան
— Ի՞նչ գիտակցումով եք գնում բանակ, արդյոք Ձեզ համար պարտականության կատարում է։
— Սուտ կլինի ասել, որ 100 տոկոս իմ կամքով եմ գնում։ Բայց գիտակցում եմ, որ մեր երկրի պայմաններում ռազմական մինիմալ գիտելիքներ ունենալը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր։
— Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում բանակում։
— Սովորական, ինչպես յուրաքանչյուր շարքային զինվոր։
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք զինվորական ծառայությունից։
— Մտածում եմ, որ ավելի կկոփվեմ ֆիզիկապես, կծանոթանամ բանակին (շատ բան չգիտեմ)։
— Իսկ որևէ սպորտաձևով զբաղվե՞լ կամ զբաղվում եք։
— Փոքր տարիքում ֆուտբոլով, հիմա էլ ֆիզիկական վարժություններ եմ անում։
— Սիրած զբաղմունք ունե՞ք։
— Ֆուտբո՜լ…
— Ո՞ր հավաքականին եք երկրպագում։
— Հայաստանին, իհա՜րկե։ Հետո նաև Իտալիայի հավաքականին եմ շատ սիրում, ֆուտբոլային ակումբն էլ ՝ «Յուվենտուս»:
— Իսկ որտե՞ղ կուզենայիք ծառայել, ինչպիսի ստորաբաժանումում։
— Հմ, չէի մտածել, երևի հրետանավոր։
— Հայաստանի ո՞ր հատվածում կուզենայիք ծառայել։
— Լոռվա, Տավուշի մարզերում կամ Արցախում։ Քարվաճառում եղել ու հիացել եմ բնությամբ։ Մի խոսքով նախընտրում եմ այն տեղերը, որտեղ գերակշռում է կանաչը։
— Ձեզ երկու տարի հետո ինչպիսի՞ն եք պատկերացնում։
— Կփոխվի աշխարհայացքս։ Կսկսեմ մարդկանց ավելի լավ ճանաչել՝ հազար մարդու հետ եմ շփվելու, ենթակա լինելու։
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի