Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Մարտի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 12 զինյալ: Թուրքական կողմը պնդում է, որ քուրդ զինյալների փորձել են հարձակում կազմակերպել Իրաքի հյուսիսից:

Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին, քանի այդ շրջաններում են տեղակայված PKK-ի հիմնական բազաները և ճամբարները: Թուրք ուժայինները երբեմն նաև ցամաքային գործողություններ են իրականացնում: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները պարբերաբար հայտարարում են նաև, որ Սիրիայի Աֆրին շրջանից հետո մասշտաբային ցամաքային գործողություն են սկսելու նաև Իրաքի հյուսիսում:

Ներկայում Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները շարունակում են Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողությունները: Մարտի 18-ի Թուրքիայի զինված ուժերը և հավատարիմ զինյալները վերահսկողություն են հաստատել  Աֆրինի քաղաքի կենտրոնում։ Նշենք, որ թուրքական կողմը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»՝ YPG-ին համարում է PKK-ի «սիրիական ճյուղ»:

Թուրք ուժայինները շարունակում են քրդական ուժերի դեմ գործողությունները նաև Թուրքիայի տարածքում: Թուրք-քրդական բախումները Թուրքիայում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *