Մարտի 20-ին Թուրքիայի Կայսերի նահանգի հանրապետական դատախազությունը «գյուլենականության մեղադրանքով» ևս 85 մարդու ձերբակալելման օրդեր է տվել: Նրանցից 37-ը գործող, 48-ն էլ նախկին զինվորականներ են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները կասկածյալներին հայտնաբերելու համար գործողություն են սկսել երկրի 18 նահանգներում, այդ թվում նաև Կայսերիում: Ըստ աղբյուրի՝ մինչ այժմ հայտնաբերվել և ձերբակալվել է 27 մարդ:
Թուրքիայում վերջն 1,5 տարում մի շարք գործող և նախկին զինծառայողներ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենի հետ կապ ունենալու համար:
Ձերբակալությունների հետևանքով հատկապես պակաս է առաջացել սպայական կազմում: Ներկայում թուրքական կողմը փորձում է համալրել այդ պակասը: Հատկապես խնդիրներ են առկա օդաչուների հարցում, Թուրքիան մինչև 2016-ի հեղաշրջման փորձն էլ ուներ այդ խնդիրը, իսկ ներկայում պակասն էլ ավելի է զգացնել տալիս:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո երկրում սկսվել են ձերբակալություններն ու պաշտոններից հեռացումները: Բացի այդ, 2016-ի հուլիսից Թուրքիայում «արտակարգ դրություն» է հայտարարվել, որը շարունակվում է մինչև այժմ: