Մարտի 19-ին Բաթումի է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Oak Hill դեսանտային նավը: Այդ տեսակի նավ առաջին անգամ է այցելում վրացական ջրային տարածք, նավի վրա անձամբ բարձրացել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նավում անցկացվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Պաշտպանության նախարարի հետ միասին նավ է այցելել Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
USS Oak Hill դեսանտային նավը մշտապես տեղակայված է ԱՄՆ Վիրջինիա նահանգում, ռազմածովային ուժերի կազմում է 1996 թփականից: Այն իր վրա կարող է տանել հետևակի մարտական մեքենայի 15 ամֆիբիա տարբերակ, 2 միավոր М1А1 «Աբրամս» տանկ: Նավի սպառազինությունում առկա է 25 մմ-ոց թնդանոթներ, 2 միավոր 20 մմ-ոց Phalanx CIWS զենիթահրանոթային համալիրներ, ինչպես նաև 2 միավոր փոքր հեռահարության հրթիռային կայան: