Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել է նաև սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստի ընթացքում ըստ ոլորտների և գերատեսչությունների քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:
Անդրադարձ է կատարվել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և լուսավորման, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին:
Այդ առնչությամբ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնել նաև համայքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
2017-ի դեկտեմբերի 20-ին անցկացվել էր հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ամփոփվել էին մեկ տարվա աշխատանքի աշխատանքները, և նշվել էին 2018 թվականի աշխատանքային գերակա ուղղություններն ու ծրագրերը։
Այս միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 13-ին՝ ՀՀ վարչապետի որոշումով:
Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:
Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ: Հանձնաժողովի գործունեությանը կարող եք հետևել այստեղ: