ՀՀ պաշտպանության նախարարը 2-րդ բանակային կորպուսում էր

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասերում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նրանք բարձրաստիճան այլ զինվորականների և հրամանատարական կազմի ուղեկցությամբ ծանոթացել են զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, մի շարք շենք-շինությունների վերանորոգման, սպայական հանրակացարանների և ռազմական նշանակության այլ օբյեկտների կառուցման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Զորամասերում կայացած խորհրդակցությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական և շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև զորամասերի սպայակազմի հետ, խոսել զինված ուժերում արդեն սկիզբ առած, ինչպես նաև առաջիկայում ծրագրվող կառուցվածքային փոփոխությունների մասին, անդրադարձել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղություններին, «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերին և դրանց ակնկալվող արդյունքներին:

Նախարարը նշել է, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում ռազմակրթական ոլորտում սպայական մասնագիտության նկատմամբ գրավչության աճն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ տեսանելի ապագայում կյանքի կկոչվի չափազանց կարևոր նախաձեռնություն, ըստ որի՝ զիծառայողներին հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորության կընձեռվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *