Շարունակվում է վրացի խաղաղապահներին Աֆղանստանից դուրս բերելու շուրջ աղմուկը

Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն այսօր պաշտոնական հայտ է ներկայացրել Աֆղանստանից վրացի խաղաղապահների դուրս բերման վերաբերյալ:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն ԿԸՀ ներկայացրած դիմումի՝ Լեյբորիստական կուսակցությունն առաջարկում է հոկտեմբերին Վրաստանի նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացնել Աֆղանստանից վրացական զորքերի դուրս բերման վերաբերյալ հանրաքվե: Շաբաթ օրը Թբիլիսիում տասնյակ ցուցարարներ նույն պահանջն էին ներկայացրել կառավարությանը։

Լեյբորիստները համարում են, որ եթե իշխանությունները չեն պատրաստվում լուծել այդ խնդիրը, ապա դա պետք է անի Վրաստանի ժողովուրդը՝ հանրաքվեի օգնությամբ:

Վրացի խաղաղապահներ

Վրացի խաղաղապահներ

Վերջին օրերի ընթացքում մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ևս բարձրացրել են Աֆղանստանից խաղաղապահների դուրս բերման հարցը:

Այնուհանդերձ, նրանց հարկավոր է ավելի քան 200 հազար ստորագրություն, ուստի Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն խորհուրդ է տալիս առանց ստորագրահավաքի արտահայտել իրենց դիրքորոշումը, իսկ ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար բնավ պարտադիր չէ խաղաղապահներ ունենալ այլ երկրներում։

Հիշեցնենք, որ դեռևս 2001-ին հենց Շևարդնաձեն էր պնդել, որ վրացի խաղաղապահները մեկնեն Կոսովո, ապա Իրաք՝ պատճառաբանելով՝ դա կնպաստի «ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացմանը»։

Կառավարող կոալիցիայի առաջատար խմբավորում «Վրացական երազանքը» ևս տեսակետ է արտահայտել փաստի առնչությամբ։ Խմբավորման ներկայացուցիչները հիշեցրել են հունիսի 6-ին Հիլմենդում ահաբեկչության պատճառով զոհված վրացի 7 զինծառայողների մասին՝ շեշտելով, որ ահաբեկչության հիմնական առիթը Սաակաշվիլիի «անպատասխանատու հայտարարությունն էր»։ Պատգամավոր Զվիադ Ձիձիգուրին հավաստիացրել է՝ երբ Սաակաշվիլին մայիսի 26-ին այցելել էր Հիլմեդի ռազմաբազա, նրա առաջարկով հրամանատարներից մեկը վրացի զինվորներին տեսախցիկի առջև հարցրել էր՝ քանի թալիբ են սպանել և ինչպես են դա արել, թալիբներն էլ այդպիսով որոշել են իրենց թիրախը։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հետաքննել «վրացի խաչակիրներին» ուղղված սպառնալիքներով տեսանյութի ծագումը, որը, իբր թալիբների անունից էր տեղադրվել YouTube-ում հունիսի 5-ին։ Կասկածներ կան, որ տեսանյութը տեղական արտադրության է և միտված է նախագահի դիրքերի թուլացմանը, ուստի չի բացառվում, որ այն ստեղծվել ու տարածվել է վարչապետի մերձավորների հրահանգով։

Այնուամենայնիվ, նախագահն ու վարչապետը դեռևս համակարծիք են վրացի խաղաղապահներին Աֆղանստանից դուրս չբերելու հարցում՝ հիմնավորելով, որ դա լավ չի անդրադառնա Արևմուտքի հետ հարաբերությունների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *