Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:
[Լրացում] Մարտի 16-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:
Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: