Մարտի 14-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Իրաքի Հաքուրք և Զափ շրջաններում թուրքական օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է 8 թիրախ: Թուրքական կողմի պնդմամբ՝ քուրդ զինյալները պատրաստվել են հարձակվել Թուրքիայի սահմանապահ բազաների և զորամասերի վրա:
Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում PKK զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի այնտեղ են տեղակայված կառույցի հիմնական բազաները և ճամբարները:
Նշենք, որ մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություններ է սկսելու PKK-ի դեմ Իրաքում:
Թուրքիայի ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ ինչպես Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում, այնպես էլ Սիրիայում: Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույցներ»: