ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի կայքը:
Խորհրդակցությանը մասնակցել են հիմնադրամի խորհրդի անդամները, հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները:
Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը:
Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը:
Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:
Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ:
«…Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,— ասել է նախագահը:
2018 թ. փետրվարի 13-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 28 զոհված զինծառայողի ընտանիք և 11 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: