Մարտի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին պաշտոնական այցով եղել է Կատարում: Նա նաև այցելել է Դոհայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազա և հանդիպել այնտեղ ծառայող թուրք զինծառայողներին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն Twitter-ի միկրոբլոգում:
Millî Savunma Bakanımız Sn. Nurettin Canikli, Doha'da Katar-Türk Birleşik Müşterek Kuvvet Komutanlığı'nı ziyaret ederek, burada görev yapan Mehmetçiklerimizle bir araya geldi. pic.twitter.com/l0KuVhdrPw
— Savunma Bakanlığı (@tcsavunma) March 13, 2018
Նույն օրը Ջանիքլին հանդիպել է նաև Կատարի վարչապետ և ներքին գործերի նախարարին: Այցի և հանդիպումների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Դոհայում մարտի 12-14-ը անցկացվում է միջազգային DIMDEX —2018 ռազմարդյունաբերական ցուցահանդես: Հնարավոր է, որ Ջանիքլին նույնպես մասնակցում է ցուցահանդեսին:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Կատարում թուրքական ռազմաբազա են այցելել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը:
2017-ի ամռանից սկսած Թուրքիայի զինուժը ցամաքային ուժեր է ուղարկում Կատարում տեղակայված թուրքական ռազմաբազա: Կատարում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ ի լրումն ցամաքային զորքերի, այդ երկրում տեղակայվելու են նաև ռազմածովային և ռազմաօդային ուժեր:
Դեռևս 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:
Այդ համաձայնագրի շրջանակներում էլ Թուրքիան զորքեր է տեղակայում Կատարում: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել:
Հատկանշական է, որ թուրքական կողմը հապճեպ կարգով վավերացրեց այդ պայմանագիրը, այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
Կատարի շուրջ ճգնաժամի մասին առավել մանրամասն.