Մարտի 13-ին թուրքական BMC ընկերությունը պայմանագիր է կնքել կատարական Barzan Holdings ռազմարդյունաբերական ընկերության հետ Կատարի զինված ուժերի համար 85 միավոր «Քիրփի» և «Ամազոն» զրահամեքենաներ արտադրելու և մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Երկու ընկերությունները Կատարի բանակի համար համատեղ արտադրելու են 50 միավոր «Քիրփի» և 35 միավոր «Ամազոն» զրահամեքենաներ: Պայմանագիրը կնքվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում մարտի 12-14-ը անցկացվող միջազգային DIMDEX — 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
BMC ընկերության գործադիր խորհրդի ղեկավար Էթհեմ Սանջակը հայտարարել է, որ իրենք մինչև այդ զրահամեքենաներ են մատակարարել նաև Թուրքմենստանին և Թունիսին:
4×4 անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանվածությամբ (mine resistant ambush protected — MRAP) «Քիրփի» զրահամեքենաները կարող է տեղափոխել 10-13 զինծառայող, շարժիչի հզորությունը՝ 375 ձիաուժ է:
4×4 ընթացամասով «Ամազոն» զրահամեքենան ընկերությունը ներկայացրել է 2017-ի հուլիսին: Զրահամեքենայի շարժիչի հզորությունը 360 ձիաուժ է, առավել արագությունը 110 կմ/ժ
Հիշեցնենք, որ 2013-ին «Քիրփի» զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումների պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց զրահամեքենաների ձեռքբերման պայմանագիրը, ինչի հետևանքով BMC ընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվեց ու կուտակեց հսկայական պարտքեր: Դրանից հետո այն հանվեց աճուրդի ու վաճառվեց Էրդողանի մտերիմին: