Քրդական ուժերի դեմ գործողություններում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 4-ը

Մարտի 13-ին Սիրիայի Աֆրին շրջանում և Թուրքիայի հարավա-արևելքում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 4-ը:  Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Մարտի 13-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, որի արդյունքում սպանվել է 3 զինծառայող, վիրավորվել ևս 2-ը: Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Նույն օրը թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է ևս 1 թուրք զինծառայող:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Թուրքիայի տարածքում և Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է ևս 2 թուրք զինծառայող: Այսինքն վերջին 2 օրում թուրքական կողմը քրդերի հետ բախումներում կորցրել է 6 զինծառայող:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույցներ»: Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները գործողություն են սկսել հունվարի 20-ից: Մինչև այժմ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ Թուրքիան Աֆրին ունեցել է 42 զինծառայողի կորուստ, 200-ից ավել վիրավոր:

Միևնույն ժամանակ, թուրք ուժայինները շարունակում են PKK-ի զինյալների դեմ գործողությունները երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Թուրք-քրդական բախումները, հարաբերական դադարից հետո, վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից և արդեն շուրջ 2,5 տարի է շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *