Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին: Դրանց ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Համագործակցության ծրագիրը ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանում և Մեծ Բրիտանիայի ուսումնական կենտրոններում:
Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական համակարգերում ընթացող բարեփոխումները։ Կարևորվել են Հարավային Կովկասում համագործակցային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ երկու պետությունների համատեղ ջանքերը։
Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։ Կողմերը պայմանավորվել են մի շարք նոր ուղղություններով համագործացության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: