ԱՄՆ նախագահը երկարաձգել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը

Մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են 1995թ. մարտի 15-ին հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում։ Այս մասին տեղեկացնող ծանուցումն ուղարկվել է Կոնգրես։ Ծանուցումը հրապարկվել է Սպիտակ տան կայքում։

Ծանուցման մեջ նշվում է, որ  1995թ. մարտի 15-ին Իրանի նկատմամբ հայտարարված «արտակարգ դրության» և դրա վերացմանն ուղղված միջոցառումների ժամկետը երկարաձգվում է, քանի որ «Իրանի կառավարության գործողությունները և քաղաքականությունը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրությունը, միջազգային ահաբեկչությանը աջակցությունը, մարդու իրավունքների խախտումները շարունակվում են սպառնալիք դիտարկվել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

1995թ. մարտի 15-ին  Իրանի նկատմամբ «արտակարգ դրություն»  սահմանել է ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնը՝ «ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը  սպառնալիք դիտարկվելու համար»։

Հավելենք, որ Իրանի նկատմամբ «արտակարգ դրություն» սահմանվել է նաև 1979թ. նոյեմբերի 14-ին՝ նույն թվականի նոյեմբերի 4-ին Իրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից և նրա աշխատակիցների պատանդառումից հետո։ 2017թ. նոյեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել էր նաև այդ «արտակարգ դրության» ժամկետը։

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հաճախ է հանդես գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։

Թրամփը հատկապես պահանջում է, որ միջուկային համաձայնագրով Իրանի նկատմամբ սահմանված պարտավորությունները լինեն անժամկետ, ինչպես օրինակ՝ ուրանի հարստացման արգելքը չսահմանափակվի 10 տարով։

Թրամփը նաև պահանջում է չտարանջատել Իրանի միջուկային ծրագիրն ու հեռահար հրթիռների զարգացման ծրագիրը և Իրանի հրթիռային կարողությունը սահմանափակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Ավելի վաղ՝ 2018-ի հունվարի 12-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի և Չինաստանի 5 ֆիզիկական անձի և 9 կազմակերպության նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում է նաև Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Ամոլի Լարիջանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *