ՀՀ ԶՈւ կանայք մասնակցում են խաղաղապահների զորավարժության

ՀՀ ԶՈւ կին զինծառայողները առաջին անգամ ներգրավվել են Կոսովոյի խաղաղապահ առաքելության հերթափոխից առաջ կայանալիք զորավարժությանը, որն անցկացվում է Գերմանիայում՝ Հոհենֆելսի Միացյալ Բազմազգ Ուսումնական Կենտրոնում:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:

Դեսպանատունը նաև նշում է, որ կին խաղաղապահներ կմեկնեն մասնակցելու Կոսովոյում իրականացվող առաքելությանը, որտեղ կծառայեն Կալիֆորնիայի Ազգային գվարդիայի 79-րդ Բրիգադի մարտական օպերատիվ խմբի հետ:

Սակայն այս տեղեկությունը պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը այս պահին չհաստատեց և նշեց, որ հետագայում տարբեր խնդիրների կատարման մեջ, այդ թվում նաև խաղաղապահական առաքելություններում,  նախարարությունը չի բացառում նաև կանանց ներգրավվածությունը.

«Մենք ընդհանրապես զինված ուժերում կանանց ներգրավվածության տարրը հետևականորեն մեծացնում ենք, այդ թվում ցանկացած ստորաբաժանման, նաև կարող է լինել խաղաղապահ: Եվ առաջիկայում ինչպես այլ ստորաբաժանումների և այլ խնդիրների կատարման մեջ, այնպես էլ խաղաղապահ առաքելություններում չենք բացառում, և դա մեր հերթական որակական բարեփոխումների նոր մակարդակը կարող է հանդիսանալ, նաև կանացի ներգրավվածությունը», – նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ խաղաղապահ առաքելությունների մեկնելուց առաջ ՀՀ ԶՈւ խաղաղաապահների հերթական զորախումբը պատրաստություն է անցնում Գերմանիայում:

Ներկայում հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում և Կոսովոյում:

One response to “ՀՀ ԶՈւ կանայք մասնակցում են խաղաղապահների զորավարժության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *