Բրիտանական կառավարության զեկույցում նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Իսրայելի ռազմաարդյունաբերության գնորդների ցուցակում են եղել Եգիպտոսը, Ալժիրը, Պակիստանը, Մարոկկոն և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), փոխանցում է «Հաարեց» պարբերականը։
Զեկույցը կազմել է Մեծ Բրիտանիայի Գործարարության և նորարարության դեպարտամենտը, որ վերահսկում է անվտանգությանն առնչվող արտահանումները և պարբերաբար զեկույցներ է հրապարակում վաճառված զինատեսակների, ռազմական տեխնիկայի և անվտանգության նպատակներով օգտագործվող այլ ապրանքների վերաբերյալ։
2008 թվականի հունվարից 2012-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում բրիտանական իշխանությունները ընթացք են տվել Իսրայելի հարյուրավոր հայտերին՝ վաճառելու բրիտանական արտադրության մասեր պարունակող ապրանքներ՝ Իսրայելի պաշտպանական ուժերի կողմից օգտագործման կամ երրորդ պետություններին վաճառելու համար։
Զեկույցում նաև նշված են այն երկրները, որոնց Իսրայելը վաճառել է ռազմական ապրանքները։ Նրանց մեջ են մուսուլմանական և արաբական մի շարք երկրներ, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի։
Այսպես, 2011-ին Իսրայելը դիմել է Մեծ Բրիտանիային՝ Պակիստանին ռադիոտեղորոշիչ սարքեր, կործանիչների մասեր, HUD մոնիթորներ, էլեկտրոնային համակարգեր և այլ տեխնիկա վաճառելու հայտով։
2009-ին Իսրայելն Ալժիրին վաճառել է օդային դիտման համակարգեր, օդաչուների սաղավարտներ, HUD մոնիթորներ, ռազմական նավիգացիոն համակարգեր, բալիստիկ հրթիռների կանխարգելման համակարգեր և այլն։
Նույն տարում Իսրայելը ռազմական տեխնիկա է վաճառել նաև ԱՄԷ-ին։
Մեծ Բրիտանիան մերժել է Իսրայելի հայտերը՝ ձեռք բերելու ռազմական համակարգեր, որոնք հետագայում պետք է արտահանվեին Ռուսաստան (օպտիկական նշանառության համակարգեր), Շրի Լանկա (թռչող սարքերի շարժիչներ), Թուրքմենստան (հրազենի մասեր) և Ադրբեջան (թռչող սարքերի շարժիչներ)։