Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» խմբավորման զինյալները հարձակվել են անցակետերից մեկի վրա, ահաբեկիչների հետ բախումների ընթացքում մահացել է երկրի ոստիկանության 10 ոստիկան և ազգային բանակի 7 զինծառայող: Այս մասին հայտնում է աֆղանական Pahjwok գործակալությունը:
Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ևս մեկ ահաբեկչություն է եղել: Աֆղանական ToloNews լրատվակայքի հաղորդմամբ՝ Քաբուլում Աբուլ ալի-Մազարիի հիշատակի միջոցառման ժամանակ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Զոհերի թիվը աճում է, այս պահին հասնում է տասի, այդ թվում է նաև մեկ ոստիկան:
Լրատվամիջոցները նշում են, որ թալիբ զինյալները ահաբեկչությունների համար պատասխանատվություն են ստանձնել:
Աֆղանստանում իրադրությունը վերջին ամիսներին կրկին վատթարացել է: «Թալիբան» խմբավորումը հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքներում, բացի այդ մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:
Թալիբանը» իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։
Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները: «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 126 խաղաղապահ զինծառայողներով: