Իրաքի շիայական ջոկատները պաշտոնապես ընդգրկվել են երկրի անվտանգության ուժերի կազմում

Մարտի 8-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հրամանագիր է ստորագրել երկրում գործող, հիմնականում շիաներից կազմված «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերին»՝ «Հաշդ ալ-Շաաբի» ջոկատներին պաշտոնապես Իրաքի անվտանգության ուժերի կազմ ընդգրկելու մասին: Այս ջոկատները ակտիվորեն ներգրավված են «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ շիայական ջոկատների անդամները ստանալու են նույն իրավունքները, ինչ զինվորականները: Ըստ հրամանագրի՝ «Հաշդ ալ-Շաաբի» մարտիկները ստանալու են նույն աշխատավարձը, ինչ ստանում են երկրի պաշտպանության նախարարի ենթակայության ներքո գտնվող զինծառայողները:

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ

Բացի այդ, հրամանագրով, նրանք ենթակա են լինելու զինվորական ծառայության օրենքներին և կկարողանան դիմել նաև ռազմական ինստիտուտներ և քոլեջներ:

Reuters գործակալությունը նշում է, արդեն երկար ժամանակ է, սպասվում էր նման որոշում, սակայն հատկանշական է, որ այն ընդունվում է Իրաքում խորհրդարանական ընտրություրններից 2 ամիս առաջ: Ըստ աղբյուրի՝  դա ևս մեկ միջոց է շիաների ձայները ստանալու համար:

Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որով սկսվել է «Հաշդ ալ-Շաաբի» ջոկատներին պետական կարգավիճակ տալու գործընթացը: Այդ օրենքով՝ ջոկատները անմիջապես դրվել են վարչապետի ենթակայության ներքո, որը Իրաքի կառավարությունում իսլամի շիայական ուղղության հետևորդ է:

Մի շարք աղբյուրներ, մասնավորապես ամերիկյան աղբյուրները և Միացյալ Նահանգների տարբեր քաղաքական գործիչներ, նշում են, որ այս ջոկատները սերտ կապեր ունեն Իրանի հետ և հիմնականում մարզվել են Իրանի կողմից: Ըստ այդ տեղեկությունների՝ Հաշդ ալ-Շաաբի» ջոկատների հրամանատարությունը պարբերաբար հանդիպում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին:

Հիշեցնենք, որ Իրաքը 2017-ի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին: Սակայն Իրաքում դեռևս կան ԻՊ զինյալների խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակումներ են գործում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *