ԱՄՆ հովանավորությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կազմից արաբա-քրդական «Ջեյշ ալ-Սուվար» խմբավորման խոսնակը հայտնել է, որ իրենք 1700 մարտիկ են ուղարկում Աֆրին՝ թուրքերի դեմ պայքարելու համար: Մարտիկները դուրս են հանվում Դեր Զորի հատվածից, «Իսլամական պետության» դեմ գործողությունը դադարեցվում է: Reuters գործակալությունը նշում է, որ այս մասին իրենց հայտնել է խմբավորման խոսնակը:
Ըստ խմբավորման խոսնակի՝ 700 մարտիկ արդեն իսկ ուղարկվել է Աֆրին: Քրդական ANF News գործակալությունը նաև հրապարակել որոշ լուսանկարներ:
Ըստ այլ աղբյուրներից ստացվող տվյալների՝ Դեր Զորից Աֆրին 1200 մարտիկ է ուղարկվում (2):
Telegram սոցիալական ցանցում սիրիական հակամարտությունը լուսաբանող @directorate4 ալիքն իր հերթին հայտնում է, որ քուրդ-արաբական ուժերը Դեր Զորից զորքեր են ուղարկում ոչ միայն Աֆրին, այլև՝ Մանբիջ, որի նկատմամբ ևս Թուրքիան հավակնություններ ունի: Հավանաբար տվյալներում անհամապատասխանությունը հենց այստեղ է: 1700 զինծառայողի մի մասը պետք է Աֆրին ուղարկվի, իսկ մյուս մասը՝ Մանբիջ:
Ըստ նույն աղբյուրի՝ ԱՄՆ-ն սպառանացել է դադարեցնել աջակցությունը քուրդ-արաբական ուժերին, եթե նրանք ներգրավվեն Աֆրինում Թուրքիայի դեմ ռազմագործողությանը:
Թուրքիան հունվարի 20-ից ներխուժել է Սիրիայի աֆրին շրջան, որը վերահսկում են քրդական ուժերը: Ներկայում թուրքական կողմը արդեն իսկ կարողացել է գրավել տասնյակ գյուղեր, որոշ քաղաքներ և աստիճանաբար մոտենում է Աֆրինի համանուն կենտրոնին:
ԱՄՆ հովանավորությամբ գործող խմբավորման սկզբնավորմանը և ներառվող ուժերի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ: