Ամերիկյան F-35A կործանիչն առաջին անգամ հրթիռների գործարկմամբ թռիչք է իրականացրել

Այսօր՝ հունիսի 11-ին, ինքնաթիռներ արտադրող Lockheed Martin ընկերության ներկայացուցիչ Լորա Սիբերտը հայտարարել է, որ ամերիկյան, հինգերորդ սերնդի F-35A կործանիչն առաջին անգամ հրթիռներ է գործարկել ուսումնական-վերապատրաստման թռիչքի ժամանակ։

Փորձարկումներն անցկացվել են Կալիֆորնիա նահանգի Պոյնթ-Մուգու՝ օդուժի զորավարժական տարածքում։ Ինքնաթիռն իրականացրել է AIM-120 դասի «օդ-օդ» հրթիռների արձակումը։ Ըստ Սիբերտի՝ այս վարժանքը ցույց տվեց ինքնաթիռի մոդելի առաջընթացն ու գործառութային հնարավորությունները։

Ամերիկյան F-35A կործանիչ

Ամերիկյան F-35A կործանիչ

Իր հերթին, F-35 ինքնաթիռի ռազմական ծրագրի տնօրեն Չարլի Ուագները խոստովանել է, որ բեկումնային շրջադարձ է գրանցվել F-35 ինքնաթիռների փորձարկումների բնագավառում, ինչը վկայում է կործանիչի ռազմական ներուժի հզորացման մասին։

Նշենք, որ F-35 կործանիչը թողարկվում է 3 տարբերակով՝ ԱՄՆ ԶՈւ, ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի և ՌԾՈւ-ի համար։ Ընդ որում, որպես շրջանառության մեջ դրվելու ժամկետ՝ նշվում է 2016 թվականը։ Ինքնաթիռի բազային մոտավոր արժեքը 75 մլն ԱՄՆ դոլար է, սակայն, համաձայն Սիբերտի՝ հաշվի առնելով հավելյալ ծախսերն ու զորամիավորումների համար օպերացիոն զինումը, արժեքը կարող է հասնել 85 մլն-ի։

Հավելենք, որ F-35-ի արտադրությունից հետո փորձագետները մի շարք թերացումներ էին արձանագրել, ինչի պատճառով դասել էին կործանիչը ոչ թե 5-րդ, այլ 4-րդ սերնդին։ Բացի այդ, ընթացիկ տարվա փետրվարին արգելք էր դրվել փորձնական թռիչքների վրա, երբ տուրբինում հայտնաբերվել էր ճեղքվածք։ Թռիչքները վերսկսվել են 2013-ի ապրիլին։

Ըստ նախնական ծրագրի՝ ԱՄՆ-ն ցանկանում էր գնել շուրջ 2,8 հազար F-35՝ 3 տարբերակներով, իսկ 600-ից ավել կործանիչներ էլ՝ մատակարարել մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *