Մարտի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2018թ. ապրիլի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Համաձայն հրամանագրի՝ ապրիլի 1-30-ը պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու 2000 թ. ծնված Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնց 18 ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը:
Միևնույն ժամանակ զորակոչման են ենթակա 1983-1999 ծնված, մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի բանակում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:
Նույն ժամկետում պետք է պահեստազոր զորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտածները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով՝ զորակոչը իրականացվում է տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։
Նշենք, որ ադրբեջանցի երիտասարդները զորակոչվում են
- բանակ,
- սահմանապահ պետական ծառայություն,
- արտակարգ իրավիճակների ծառայություն,
- ներքին զորքեր,
- պետական հատուկ պահպանության ծառայություն,
- արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: