PKK-ն շարունակում է լքել Թուրքիայի տարածքը

Մինչ Թուրքիայի խոշոր քաղաքներում ընթանում են հակակառավարական ցույցեր, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները շարունակում են լքել այդ երկրի տարածքը։

Օրերս Թուրքիայից Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածք է անցել PKK-ի 25 հոգանոց մի խումբ, որի անդամներից 9-ը եղել են կանայք։

Նշենք, որ PKK-ն սկսել է իր ուժերը դուրս բերել Թուրքիայի տարածքից մայիսի 8-ից։ Քրդական կազմակերպության անդամները Թուրքիան լքում են իրենց սպառազինությամբ և հիմնականում 10-20 հոգանոց խմբերով։ Դեռ հայտնի չէ, թե որքան կպահանջվի քրդական ուժերի վերջնական դուրսբերման համար, սակայն թուրքական աղբյուրները նշում են, որ աշնանը PKK-ն ամբողջովին կլքի երկրի տարածքը։

PKK

Հիշեցնենք, որ շուրջ 30 տարի զինված պայքարից հետո այս տարվա մարտին Դիարբեքիրում ընթերցվեց թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող, քրդական կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Նշենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական  կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա քրդական անկախ պետության հիմնումը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է  1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *