Շուրջ 40 օտարերկրացի, ստանալով ՀՀ քաղաքացիություն, այլ երկրում զինծառայության անցնելու մասին կեղծ փաստաթղթերով ազատվել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ կայքը:
Բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է.
«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»։
ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։
Մեղադրվողները կեղծել են նաև այլ փաստաթղթեր:
Նախաքննությունը շարունակվում է։