2017 թ. Ռուսաստանը 15 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել

Մարտի 5-ին Մոսկվայում անցկացվել է արտասահմանյան պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության կոմիտեի նիստ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախորդ տարի արտահանվել է 15 մլրդ դոլարի սպառազինություն և զինտեխնիկա: Փոխանցում է ՌԴ նախագահի կայքը:

«Նշեմ, որ Ռուսաստանը պահում է բարձր նշաձողը, հաստատում է համաշխարհային զենքի շուկայում իր՝ առաջատարներից մեկի կարգավիճակը: Սպառազինության և զինտեխնիկայի արտասահմանյան մատակարարումների ծավալն արդեն երրորդ տարին անընդմեջ աճում է, նախորդ տարի այն կազմել է ավելի քան 15 միլիարդ դոլար», – հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքերով՝ ստորագրված պայմանագրերի ծավալն աճել է շուրջ 2 անգամ, իսկ ռուսաստանյան սպառազինության և զինտեխնիկայի պատվերների ծավալը կազմում է ավելի քան 45 մլրդ դոլար:

Արտասահմանյան պայմանագրերի թվում է նաև Թուրքիային Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համաձայնագիրը, որը գնահատվում է շուրջ 2,5 մլրդ դոլար: Բացի այդ, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել են Սաուդյան Արաբիայում ինքնաձիգների արտադրման համաձայնագիր, ինչպես նաև «ՏՕՍ-1Ա» ծանր հարնետների, «Կորնետ-ԷՄ» հակատանկային հրթիռային համալիրների, ԱԳՍ-30 նռնականետների գնման և արտադրության տեղայնացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Նախորդ տարում ՌԴ-ն նաև Բելառուսի հետ այդ երկրին «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրների, Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագրեր: Հավելենք, որ նախորդ տարի ՌԴ-ից զենք գնել է նաև Հայաստանը. 9Կ333 «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ներ-ի առաջին արտասահմանյան օպերատորը հենց ՀՀ զինուժն է:

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

2017 թ. Ռուսաստանից սպառազինություն ներկրել է նաև Ադրբեջանը: Մասնավորապես խոսքը  ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների, «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետների հրթիռների, ինչպես նաև «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրների մասին է:

«Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիր

«Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիր. Ադրբեջան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *