Թուրքիայի Մի-17 ուղղաթիռների 16 տարի շարունակվող «արդիականացումը»

Ռուսաստանյան Մի-17 ուղղաթիռները Անկարան չի կարողանում արդիականացնել արդեն շուրջ 16 տարի: Տարբեր ձախողված բանակցություններից և ծրագրերից հետո, կարծես թե, ուղղաթիռները վերջապես կվերանորոգի և կարդիականացնի թուրքական «Ասելսանը»:

Թուրքիայի ժանդարմերիան հրապարակել է 2017 թ. գործունեության զեկույցը, որտեղ նշվում է, թե ուղղաթիռների արդիականացումը պետք է ավարտվի այս՝ 2018 թվականին:

Զեկույցում նշվում է, որ արդեն իսկ փորձարկել և օդաչուների ուսուցանման համար սկսել են կիրառել Մի-17 ուղղաթիռների սիմուլյատորը: Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) տեղական «Ասելսան» ընկերության հետ ստորագրել է «Սիկորսկի» Ս-70, Մի-17 և Agusta-Bell AB-205 ուղղաթիռների  արդիականացման պայմանագիր:

Ծրագրի ընդհանուր հատկացումները կազմել են շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար: Ժանդամերիայի մասնաբաժինը կազմում է շուրջ 12 մլն դոլար: Հավանաբար խոսքը նաև բանակի ուղղաթիռների արդիականացման մասին է: Ըստ այս տվյալների՝ ուղղաթիռների արդիականացումը պետք է ավարտվի այս՝ 2018 թվականին:

Սրան գումարած ԶՈւ գլխավոր շտաբի կոորդինացմամբ «Ասելսանի» հետ ստորագրվել է նաև Ս-70 և Մի-17 ուղղաթիռների էլեկտրոնային ռազմական համակարգի տեղադրման համաձայնագիր:

Մի-17-ների արդիականացման ծրագրերը սրանցով չեն ավարտվել: Հավելյալ անցկացվել են նաև «Մի-17-ների կյանքի երկարացման, ստուգման» աշխատանքներ: Այս ծրագիրն իր հերթին գնահատվել է 60 մլն դոլար: Այսինքն` Մի-17-ների արդիականացման, ժանդարմերիայի սպառազինություն վերադարձնելու ծրագրի համար նախատեսվում է ծախսել 60 մլն դոլարից շատ ավելի մեծ գումար:

Ժանդարմերիայի Մի-17-ների «արկածները»

Թուրքիան 1995 թ. Ռուսաստանից գնել է 19 միավոր Մի-17 ուղղաթիռ: Դրանցից 2-ը Հաքքարիում վթարվել են: Մնացած 17-ը 2000-ականների սկզբից արդեն իսկ վերանորոգման կարիք են ունեցել: Այդ նպատակով հայտարարվել է մրցույթ:

2002 թվականին մրցույթը շահել է ռուսաստանյան Joint Stock Company Kazan («Կազանի ուղղաթիռների գործարան») ընկերությունը: Արդիականացման աշխատանքները գնահատվել են 13,5 մլն դոլար: Որոշվել է ուղղաթիռները 4-ական խմբերով ուղարկել ՌԴ: 2004 թ. 4 միավոր ուղարկվել է Ս. Պետերբուրգ, սակայն 3 տարի որևէ աշխատանք չի կատարվել: Մնացած ուղղաթիռները մնացել են Թուրքիայի ժանդարմերիայի «Գյուվերջինլիքի» բազայի անգարներում: 2007 թ. պայմանագիրը չեղարկվել է: Մինչ այդ՝ 2004 թվականին, Թուրքիայում արդեն իսկ արգելել էին մնացած Մի-17-ների թռիչքը:

Ռուսաստան վերանորոգման համար ուղարկված Թուրքիայի ժանդարմերիայի Մի-17 ուղղաթիռներ

Ռուսաստան վերանորոգման համար ուղարկված Թուրքիայի ժանդարմերիայի Մի-17 ուղղաթիռներ

Նույն արդիականացման ծրագրի վերաբերյալ ռուսաստանյան «Կոմերսանտը» 2003 թվականին հավելյալ տվյալներ էր հայտնել: 2002 թ. Թուրքիայի հայտարարած մրցույթին մասնակցել են մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Вертолеты Ми ընկերությունը (Ներկայում՝ Вертолеты России: Կազանի գործարանն այս ընկերության կազմում է) և պետական «Ռոսօբորոնէքսպորտը», ուկրաինական, բելառուսական, ղազախական ընկերություններ: «Ռոսօբորոնէքսպորտն» առաջարկել է ուղղաթիռներն արդիականացնել շուրջ 25 մլն դոլարով: Սակայն Вертолеты Ми-ն առաջարկել է ամենացածր գինը՝ 13,5 մլն դոլար, և հաղթել:

«Ռոսօբորոնէքսպորտը» ավելի ուշ դատի է տվել այդ ընկերությանը՝ նշելով, որ արտասահմանյան ընկերությունների ռազմական ուղաթիռներ կարող են արդիականացնել միայն այն ընկերությունները, որոնցում պետական մասնաբաժինը 50 տոկոսից ավելի է: Իսկ Вертолеты Ми-ում պետական մասնաբաժինը շուրջ 20 տոկոս է կազմել: Չի բացառվում, որ գործարքի իրականացմանը հենց սա է հետագայում խանգարել, չնայած որ սկզբում հայցը մերժվել է:

Այստեղից նաև պարզ է դառնում, որ 1995-ին ՌԴ-ն Թուրքիայի մատակարարել է 15 միավոր տրանսպորտա-դեսանտային, 2 տրանսպորտային, 2 «թռչող հոսպիտալ» Մի-17 ուղղաթիռ: 15 միավորի վրա տեղադրվել է 2-ական ПКТ գնդացիր:

Մի-17 J-792M19. Թուրքիայի ժանդարմերիայի ուղղաթիռը 1999 թվականին

Մի-17 J-792M19. Թուրքիայի ժանդարմերիայի ուղղաթիռը 1999 թվականին

Այս ամենից հետո՝ 2007 թ., ուղղաթիռների արդիականացման ծրագիրը ժանդարմերիայից փոխանցվել է ՊԱԳՎ-ին: Ըստ առկա տեղեկության՝ բանակցությունների արդյունքում «Ռուսօբորոնպրոմը» առաջարկել է արդիականացնել 44 մլն դոլարով: Գինը բարձր է գնահատվել և բանակցությունն ընդհատվել է:

Ավելի ուշ՝ 2014 թ., թուրքական Kokpit Aero մասագիտացված կայքը հայտնել է, որ ուղղաթիռներն արդեն արդիականացվել են, սակայն մանրամասներ չեն տրամադրվել:

2016 թ. ռուսաստանյան մանսագիտացված BMPD բլոգը հրապարակել է թուրքական ժանդարմերիայի Մի-17 ուղղաթիռի լուսանկարներ: Այստեղ, սակայն, երևում է միայն մեկ միավորը: Մնացածի մասին տվյալներ ևս չկան:

Թուրքիայի ժանդարմերիայի Մի-17 ուղղղաթիռ. 2016 թ.

Թուրքիայի ժանդարմերիայի Մի-17 ուղղղաթիռ. 2016 թ.

Թուրքիայում Մի-17 ուղղաթիռների արդիականացում

2015 թ. հայտնի դարձավ, որ «Ռոսօբորոնէքսպորտը» համաձայնել է Թուրքիայում Մի-17-ների սպասարկման կենտրոնի բացման ծրագրին: Սակայն նույն տարվա աշնանաը Սիրիա-Թուրքի սահմանին ՌԴ ԶՈւ ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, ըստ ռուսաստանյանի Взгляд-ի, այս ուղղությամբ համագործակցությունը դադարեցվել է:

Սակայն 2017 թ. ապրիլին թուրքական «Ասելսան»  ընկերությունը հայտարարեց, որ սկսելու է ակտիվորեն մասնակցել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերի սպառազինությունում առկա «Մի» դասի ուղղաթիռների արդիականացնելուն: Այդ ժամանակ նաև նշվում էր, որ ընկերությունը արդիականցրել է «մեկ երկրի» պատկանող 1 միավոր ուղղաթիռ և վերադարձրել պատվիրատու երկրին։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը հայտնեց, որ «Ասելսանն» արդիականացրել է ադրբեջանական զինուժի մեկ Մի-17 ուղղաթիռ: Այսինքն, ըստ այս տեղեկության, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Թուրքիայի տարածքում ուղղաթիռների արդիականացման շուրջ, սակայն դա եղել է 2016-ից 2017 թթ. հատվածներում:

Ինչպես արդեն նշել էինք, 2014 թ. թուրքական կայքերից մեկը հայտնել էր, որ ժանդարմերիայի Մի-17-ներն արդիականացվել են: Այդ ժամանակ դա կարող էր իրականացվել միայն Ռուսաստանի տարածքում: Ստացվում է, որ Թուրքիան Մի-17-ների արդիականացման վրա ծախսում է ոչ թե առնվազն 60 մլն ԱՄՆ դոլար, այլ՝ շատ ավելի մեծ գումար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *