Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ «կողմերն ընդգծել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում»:
Հիշեցնենք, որ 2017 թ. սեպտեմբերի սկզբին Չինաստան այցի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարար Սարգսյանն անդրադարձել էր նաև Հայաստանի զենքի գնումներին՝ նշելով, որ Հայաստանի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է, սակայն եթե հնարավորություն լինի՝ Չինաստանից գնումը ևս կդիտարկվի: ավելի ուշ՝ հոկտեմբերին, նախարար Սարգսյանը նշել էր, որ այցի ընթացքում Չինաստանից զենքի գնման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Սակայն հայ-չինական ռազմական համագործակցություն կա, իսկ ժամանակին նաև Հայաստանը զենք է գնել այդ երկրից: Խոսքը WM-80 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է:
Նախորդ տարվա ընթացքում էլ բավականին ակտիվ փոխայցելություններ եղան: Նախարար Սարգսյանի Չինաստան այցիցի առաջ՝ հուլիսին, Հայաստան էր այցելել Չինաստանի ՊՆ պատվիրակություն:
Չինական ռազմական պատվիրակություն Հայաստան այցելել էր նաև նախորդ տարվա ապրիլին: