Բլե՞ֆ, թե ոչ. Ռուսաստանի «ֆանտաստիկ» նոր զենքերի հետքերով

Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում խոսել էր նաև անվտանգության խնդիրների մասին։ Իր ելույթի մի մասը Պուտինը նվիրել էր Ռուսաստանում արտադրված և արտադրվելիք նոր զինատեսակներին, որոնք իր իսկ խոսքերով, «ուղղակի ֆանտաստիկա են»:

Փորձենք անդրադառնալ ներկայացված զինատեսակներին։ Նախ նշենք, որ իրականում բավականին դժվար է հասկանալ, թե Պուտինի խոսքում որ մասն էր բլեֆը, իսկ որն էր իրականը։ Այնուամենայնիվ կարծում ենք, որ հնարավոր է կողմնորոշվել, թե ինչը կարող ենք ավելի հավաստի համարել, իսկ ինչին վերաբերվել որոշակի թերահավատությամբ։

«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ներկայացնելով այս հրթիռը, ՌԴ նախագահը նշել էր, որ այն փոխարինելու է Р-36М «Վոեվոդա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին։ Ըստ Պուտինի՝ հրթիռը «կունենա անսահմանափակ հեռահարություն» և կկարողանա թիրախներին հասնել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային բևեռներով։

Նույն պնդումը դեռևս 2014 թ. արել էր նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, որը նշել էր, որ «Սարմատը կարող է թռնել հարավային և հյուսիսային բևեռներով՝ շրջանցելով ցանկացած հակահրթիռային պաշտպանություն»: Ըստ ՌԴ ՊՆ տեղակալի՝ հրթիռը կարող է տեղ հասցնել մինչև 10 անհատական ուղղորդման միջուկային մարտագլխիկ: Հեռահարության մասին որևէ բան այն ժամանակ էլ չէր նշվում, սակայն եթե Հարավային բևեռով թիրախներին հասնելու տեղեկությունը հաշվի առնենք, ապա դա նշանակում է, որ Սարմատ հրթիռը պիտի կարողանա մոտ 30-35 հազար կիլոմետր թռնել։

Ուշագրավ է, որ նախկինում ռուսաստանյան մամուլում տարածված բոլոր տեղեկությունները վկայում էին, որ «Սարմատն» իր հեռահարությամբ «Վոեվոդա»-ից չի տարբերվելու: 2014 թ. ՌԴ «Զվեզդա» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հեռահարությունը լինելու է «ավելի քան 11 հազար կմ»: Որոշ աղբյուրներ էլ նշում էին, որ հրթիռը կունենա 16 հազար կմ հեռահարություն (1, 2, 3):

Այսպիսով, սկզբունքորեն որևէ անհավատալի բան նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի գոյության հարցում չկա, հատկապես, որ կոնկրետ խորհրդային «Վոեվոդան» փոխարինելու կարիք իսկապես կա, քանի որ այդ հրթիռն արտադրվել էր Ուկրաինայի տարածքում։ Որոշակի թերահավատություն է ներշնչում միայն հեռահարության ու տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկությունները, որոնք ըստ ամենայնի ուռճացված են։

«Միջուկային շարժիչով» թևավոր հրթիռ

Սա Պուտինի թվարկած զինատեսակների շարքում մի կողմից ամենագրավիչն է թերևս, բայց մյուս կողմից էլ առավել ֆանտաստիկ թվացողը։ Ըստ ՌԴ նախագահի, ստեղծվել է փոքր չափերով, գերհզոր միջուկային էներգետիկ համակարգ (շարժիչ), որը կարող է տեղավորվել այնպիսի թևավոր հրթիռների կորպուսում, ինչպիսին ռուսաստանյան Х-101-ը կամ ամերիկյան Տոհամահավկն է: Ի հավելումն Պուտինը նշեց, որ այդ նոր տիպի թևավոր հրթիռը կարող է թռնել ցածր, ունի ցածր տեսանելիություն, ունակ է շրջանցել հակահրթիռային պաշտպանության տարածքները, իսկ միջուկային շարժիչի շնորհիվ էլ ունի զգալի հեռահարություն և մանևրելու հնարավորություն։

Սկզբունքորեն հրթիռների համար միջուկային շարժիչների գաղափարը նոր չէ։ Դեռևս անցած դարի 60-ական թվականներին նման փորձնական նախագիծ եղել է ԱՄՆ-ում, միջուկային շարժիչով հրթիռները հաճախ են դիտարկվել որպես հեռանկարային տարբերակներ տիեզերական երկարաժամկետ ու հեռահար ծրագրերի համար, այդպիսի հրթիռների պլաններ ունեն նաև Չինաստանում։

Այնպես որ, սկզբունքորեն զարմանալի չէ, որ Ռուսաստանում նույնպես այս ուղղությամբ աշխատանքներ կարող էին տանել։ Մյուս կողմից, ի տարբերություն գիտության և տնտեսության բազմաթիվ այլ ոլորտների, միջուկային արդյունաբերությունը Ռուսաստանում այսօր էլ շարունակում է պահպանել առաջատար դիրքեր։ Դրան գումարած՝ վերջին տարիներին Ռուսաստանում սկսել են մեծ ուշադրություն դարձնել թևավոր հրթիռներին։

Այսքանով հանդերձ, միևնույնն է, ներկայացված զինատեսակը թվում է չափազանց թռիչքային ռուսական նախորդ թևավոր հրթիռների ֆոնին և կարծում ենք, որ այլ տվյալների բացակայության պայմաններում այստեղ պետք է թերահավատորեն վերաբերվել։ Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ միջուկային շարժիչով թևավոր հրթիռի նախագիծ Ռուսաստանում կա, սակայն այդ նախագծի հեռանկարները մեր կարծիքով կասկածելի են։ Ամեն դեպքում, եթե այնուամենայնիվ հաջողվել է ստեղծել միջուկային փոքր շարժիչներ, ապա սա շատ հետաքրքիր հեռանկարներ է բացում ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական կիրառության համար։

«Անանձնակազմ խորջրյա միջուկային սարքեր»

Առաջին հայացքից այս նախագիծն էլ է թվում ֆանտաստիկա, սակայն մեր կարծիքով այն բլեֆ լինելու ամենաքիչ շանսերից ունի։ Բացի նրանից, որ պատմականորեն ռուսները մեծ սեր ունեն ստորջրյա  նավատորմի նկատմամբ, նրանք նաև այդ ոլորտում ունեն զգալի փորձ ու կուտակված գիտելիքներ։ Ընդ որում՝ նաև խորջրյա, այսինքն՝ մի քանի հարյուր մետր և ավելի խորության վրա աշխատող նավերի կառուցման։

Ընդ որում, հայտնի է, որ հենց խորջրյա սուզանավերի ուղղությամբ Ռուսաստանում որոշակի աշխատանքներ կատարվում են։ Այդպիսի աշխատանքների օրինակ է ԱՍ-12 ատոմային խորջրյա կայանը, որը ռուսական նավատորմի առավել գաղտնի սուզանավերից է։ Մենք, իհարկե, չենք պնդում, թե հենց այդ սուզանավն էլ օգտագործվել է անանձնակազմ խորջրյա միջուկային սարքի ստեղծման ժամանակ։ Սա ուղղակի իլյուստրացիոն օրինակ է։

Բացի այդ, հաշվի առնելով, որ ինքնաթիռաշինության ու հրթիռաշինության ոլորտում Ռուսաստանը զգալիորեն զիջում է իր մրցակիցներին, ստորջրյա բաղադրիչի ուժեղացումը ռուսների կողմից ասիմետրիկ ու փորձված պատասխան է։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե այս զինատեսակի ներկայացված հնարավորությունները հապատասխանում են իրականում եղածին։ Ամենայն հավանականությամբ դրանք նույնպես ուռճացված են։

«Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համակարգ

Այս նոր հրթիռը, ըստ Պուտինի, ի վիճակի է 10 անգամ գերազանցել ձայնի արագությունը և արդեն փորձնական մարտական հերթապահության է անցել Հարավային ռազմական շրջանում։ Հետաքրքիր է, որ հրթիռն արձակվում է ՄիԳ-31 կործանիչից, ինչն այդ առանց այդ էլ ունիկալ կործանիչի համար լրիվ նոր հորիզոններ է բացում։ ՄիԳ-31-ն, առհասարակ, այդպես էլ չռեալիզացված ահռելի պոտենցիալ ունի։

Քիչ հավանական ենք համարում, որ հիպերձայնային հրթիռի վերաբերյալ ասվածում բլեֆի մասնաբաժինը մեծ լինի։ Այդ դեպքում հազիվ թե խոսվեր մարտական հերթապահության մասին, բացի այդ հիպերձայնային արագությամբ շարժվող, ակտիվ մանևրող հրթիռներ Ռուսաստանն արդեն իսկ ունի. այդպիսին են օրինակ՝ «Իսկանդեր» համակարգի հրթիռները, այնպես որ սկզբունքորեն ոչինչ չի խանգարում, որ ստեղծված լինի այդպիսի ավիացիոն հրթիռ։

«Ավանգարդ» ճախրող թևավոր մարտական մասով ռազմավարական հրթիռ

Դատելով ՌԴ նախագահի խոսքերից և ցուցադրված իլյուստրացիոն հոլովակներից, խոսքը մթնոլորտի խիտ շերտերով թռնող միջմայրցամաքային հեռահարությամբ հիպերձայնային արագությամբ թռնող մարտագլխիկի մասին է։ Ներկայումս միջմայրցամաքային հրթիռների հետագծի մեծ մասն անցնում է մթնոլորտի վերին, նոսր շերտերով։

Կարծում ենք, որ այս համակարգի նկատմամբ էլ լրացուցիչ տվյալների բացակայության դեպքում որոշակի թերահավատություն է պետք։

Մարտական լազերներ

Մարտական լազերների գաղափարը նույնպես նոր չէ, ու այդպիսի ծրագրեր գոյություն ունեն մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում։ Այս առումով Ռուսաստանում այդպիսի նախագծերի գոյությունը զարամանալի չէ։ Այնուամենայնիվ, ինչպես և մյուս երկրներում, այս դեպքում էլ կան հարցեր համակարգի արդյունավետության կապակցությամբ։

Ամփոփելով, նշենք, որ թեև անկասկած է, որ Պուտինի ելույթում զգալի չափ էր կազմում բլեֆի բաղադրիչը, սակայն նույնքան անկասկած է նաև, որ այդ ելույթը բացարձակ անհիմն չէր։ Հասկանալի է, որ բլեֆի այդ բաղադրիչը նույնպես ինքնանպատակ չէ, ոչ էլ պաթոլոգիկ ստախոսության արդյունք է։ Բլեֆը նույնպես իմաստալից է մի շարք առումներով։

Նախ և առաջ դա ստեղծում է որոշակի ռազմավարական անորոշություն, երբ Ռուսաստանի մրցակիցների համար դժվարանում է երկրի ռազմական պոտենցիալի իրական գնահատումը։ Երկրորդ, նույն մրցակիցները այժմ ստիպված կլինեն լրացուցիչ ռեսուրսներ ծախսել ենթադրվող ռիսկերը չեզոքացնելու նպատակով, անգամ եթե իրականում այդպիսի ռիսկեր չկան։


Ավելացնենք, որ Ռուսաստանում դեռևս չեն որոշել, ինչպես անվանել այս նոր զենքերի զգալի մասը: Անվանումները գնելու նպատակով և հույսով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «հասարակ մահկանացուներին»:

One response to “Բլե՞ֆ, թե ոչ. Ռուսաստանի «ֆանտաստիկ» նոր զենքերի հետքերով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *