Մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայող մոլորվել են և հայտնվել Թուրքիայի տարածքում: Հույն զինծառայողները ձերբակալվել են Թուրքիայի ԶՈւ-ի զինծառայողների կողմից: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԶՈւ խոսնակ Նիկոլաոս Ֆանիոսը, փոխանցում է ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը:
Խոսնակը հայտարարել է, որ զինծառայողները հերթապահել են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանային գետ հանդիացող Մարիցա գետի հատվածում, եղանակային վատ պայմանների պատճառով նրանք մոլորվել են և հայտնվել թուրքական կողմում:
Հույն զինծառայողները ներկայում գտնվում են Էդիրնե քաղաքում և Հունաստանի արտգործնախարարությունը արդեն բանակցություններ է սկսել թուրքական կողմի հետ զինծառայողների վերադարձման համար:
Միջադեպի մասին հայտնել են նաև թուրքական ԶԼՄ-ները: Ըստ դրանց զինծառայողները ծառայում են Կաստանիես քաղաքի սահմանային զորամասում, նրանցից մեկը լեյտենանտ է, մյուսը ենթասպա:
Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին թուրք-հունական հարաբերությունները կրկին սրվել են և նրանց միջև Էգեյան ծովում և կզղիների տարածքում միջադեպերը ավելի հաճախ են դարձել:
Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա), Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերությունները լարված են, քանի որ Հունաստանը քաղաքական ապաստան է տվել Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցելու համար մեղադրվող զինծառայողների: Թուրքական կողմը պահանջում է արտահանձնել զինծառայողներին, սակայն Հունաստանը հրաժարվում է: Չի բացառվում, որ Թուրքիան հույն զինծառայողներին վերադարձնելու դիմաց, կպահանջի արտահանձնել թուրք զինծառայողներին: