Մարտի 2-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ մինչև այժմ Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 41 զինծառայող և Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 116 զինյալ: Փոխանցում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:
Այսինքն ընդհանուր առմամբ թուրքական կողմը քրդերի հետ բախումներում ունեցել է 157 կորուստ: Նշենք, որ բաց աղբյուրներից մեզ հայտնի է նաև 2 թուրք զինծառայողի կորուստի մասին, սակայն պաշտոնական տեղեկություններ այս մասին չկան:
«Ահաբեկչության և ահաբեկիչների դեմ պայքարում հրադադար չի կարող լինել, գործողությունը շարունակվելու է մինչև վերջին ահաբեկիչը», — հայտարարել է Ջանիքլին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին նոր բանաձև է ընդունել, որով Սիրիայում պետք է ժամանակավոր հրադադար հաստատվեր: Սակայն Թուրքիան արհամարում է այդ բանաձևը՝ շարունակելով քրդերի դեմ գործողությունները Աֆրինում:
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը Թուրքիային կոչ է արել հետ գնալ և կարդալ բանաձևը՝ նկատի ունենալով, որ Թուրքիան չի հետևում բանաձևին և շարունակում է քրդերի դեմ գործողությունները: Հակասություններ են առաջացել նաև Թուրքիայի և Ֆրանսիայի միջև: Ֆրանսիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էմանուել Մակրոնը Էրդողանին ասել էր, թե հրադադարը պետք է ներառի Սիրիայի բոլոր շրջանները, այդ թվում նաև՝ Աֆրինը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ է իրականացնում հունվարի 20-ից սկսած: Թուրքիան Աֆրինում արդեն կորցրել է «Աթաք» ուղղաթիռ, «Բայրաքթար» ԱԹՍ, մի քանի տանկ, ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա: