Իրանը «նոր» ռազմաբազա է կառուցել Սիրիայում. ImageSat/FoxNews

Փետրվարի 27-ին ամերիկյան FoxNews լրատվակայքը հոդված է հրապարակել, ըստ որի՝ արբանյակային լուսանկարներից պարզվել է, որ Իրանը նոր ռազմաբազա է կառուցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս-արևմուտք։ Հրապարկման համաձայն՝ ռազմաբազան ունի  2 անգար՝ փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման համար։

Նշենք, որ լրատվակայքին  արբանյակային լուսանկարները տրամադրել է իսրայելական ImageSat International  ընկերությունը, որը բացի արբանյակային լուսանկարներ տրամադրելուց, կատարում է  նաև վերլուծական, պորհրդատվական ծառայություններ և FoxNews-ը կարող էր հիմնվել ընկերության տրամադրած վերլուծության վրա։ Նկատենք նաև, որ ImageSat-ի աշխատակիցներից, ղեկավարներից ոմանք մինչ այդ աշխատել և ծառայել են Իսրայելի բանակում (հետախուզություն և այլն)։

Սիրիայում Իրանի հրթիռների անգարները՝ ըստ FoxNews-ի

Սիրիայում Իրանի հրթիռների անգարները՝ ըստ FoxNews-ի

Ամերիկյան լրատվակայքը նշում է, որ  «նախորդ տարի Իրանը ռազմաբազա է կառուցել Դամասկոսից հարավ, սակայն 2017-ի դեկտեմբերին Իսրայելի հրթիռակոծման հետևանքով ռազմաբազան ոչնչացվել է»։

Ըստ լրատվակայքի՝ այս  ռազմաբազան «նոր» է, սակայն FoxNews-ը չի մանրամասնում՝ թե այդ «նորը» կոնկրետ ինչ ժամանահատվածի է վերաբերում։ Մի քանի տարբեր արբանյակային լուսանկարներից, սակայն, պարզ է դառնում, որ  ռազմաբազայի տարածքում շինարարություն եղել է 2015թ. սեպտեմբերից 2016թ. ապրիլն ընկած հատվածում:

Հավելենք, որ FoxNews-ը չի ներկայացնում որևէ փաստարակ, որը կհիմնավորեր այդ բազայի իրանական լինելը։ Միաժամանակ որևէ կերպ չենք կարող հերքել կամ հիմնավորել, որ այդ ռազմաբազան իրանական է։ Այդ բազայի տարածքում նկատվում են ևս մի քանի այլ բազաներ, սակայն մեզ հայտնի չեն, թե  դրանք ում են պատկանում:

Չենք կարող նաև հստակ ասել, թե անգարները կոնկրետ ինչի համար են նախատեսված, համենայն դեպս արբանյակային լուսանկարներում անգարների մոտ և բազայի տարածքում որևէ խոշոր զինտեխնիկա չի երևացել։

Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 2-ին և 4-ին Իսրայելը հրթիռակոծել էր (12) Դամասկոսի մոտ տեղակայված ռազմական օբյեկտ: Ըստ իսրայելական մի քանի աղբյուրի՝  ռազմական օբյեկտը եղել է Իրանի ռազմաբազա: Նշենք, որ Իսրայելը և ԱՄՆ-ն հաճախ են Իրանին մեղադրում Սիրիայում ռազմաբազաներ, հրթիռների արտադրման գործարան կառուցելու մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *