Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացահայտվել է ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն կատարելու դեպք: Հանցագործությունն իրականացվել է 2015-2017 թթ. ընթացքում: Հափշտակվել են 40 մլն դրամ արժողությամբ տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզել է, որ 2015-2017 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
2018 թ. փետրվարի 28-ին հարուցվել է քրեական գործ: Նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական դատախազության համապատասխան բաժնի դատախազը:
Մայոր Լ. Ա.-ն ձերբակալվել է: Քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են: