Ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն փորձարկել է սեփական նախագծման «Ստուգնա» («Стугна») հակատանկային հրթիռային համալիրը: Հատկանշական է, որ «Ստուգնան» համալրվել է հարավկորեական արտադրության ջերմատեսիլ սարքով: Այս մասին հայտնում է Defence Blog-ը:
«Լուչ» կոնստրուկտորական բյուրոն նախագծել է «Ստուգնա» հակատանկային հրթիռային համալիրի նոր տարբերակ, որն արդեն իսկ ընդունվել է ուկրաինական զինուժի սպառազինություն: Համալիրը համալրվել է հարավկորեական TBT ընկերության ջերմատեսիլ սարքով:
Նոր նշանոցը թույլ է տալիս թիրախին հետևել և այն ֆիքսել մինչև 20 կմ հեռավորության վրա: Այս մոդուլը զգալիորեն մեծացնում է ուկրաինական համալիրի հնարավորությունները: TBT ընկերությունը մասնագիտացված է պաշտպանության նշանակության էլեկտրաօպտիկական սարքերի արտադրության ոլորտում:
Ուկրաինայի զինուժի սպառազինությունում «Ստուգնա» հակատանկային հրթիռային համալիր կա դեռևս 2011 թվականից: Նշենք, որ այս համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակը կոչվում է «Սկիֆ»: Այս համալիրը թիրախը կարող է խոցել մինչև 5 կմ հեռավորության վրա: Նման համալիրներ կան նաև Ադրբեջանի զինուժի սպառազինությունում: