ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ից 2-ը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին:
Համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ մասնակից երկրների ԶՈւ պատվիրակությունները նաև կմասնակցեն միջոցառումների անցկացման վայրերի տեղազննությանը:

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը (արխիվ, 2015)
Նույն նպատակով մարտի 1-ին Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ – մարտական պատրաստության և ռազմական կրթության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը:
«Բանակային միջազգային խաղերի» շրջանականերում մրցումները նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի տարածքներում: Իրանի և Ադրբեջանի դեպքում խոսքը Կասպից ծովում անցկացվող «Ծովային գավաթ» մրցույթի փուլերի մասին է:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Միջազգային բանակային խաղերին» մասնակցում է սկսած այդ մրցաշարի հիմնադրումից: Հայկական անձնակազմերը մասնակցել են տանկային և հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի, ինչպես նաև դիպուկահարների, հետախույզների մրցույթներին: