Փետրվարի 27-ի երեկոյան Իրաքի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Քիրքուք քաղաքից հյուսիս գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այս մասին հայտնում է Iraqi News լրատվակայքը։
Ըստ աղբյուրի՝ Ալթուն Քուփրի քաղաքի ղեկավարը հայտնել է, որ Իրաքի օդուժի հարվածել է իսլամիստ զինյալների դիրքերին Ալթուն Քուփրի և ալ-Դիբս քաղաքների միջև եղած լեռնային շրջաններում:
Նշենք, որ վերջին մի քանի օրերին ակտիվ բախումներ են Քիրքուքում զինյալների և Իրաքի ուժայինների միջև: Փետրվարի 26-ին Քիրքուքում ԻՊ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի 3 ոստիկան, կան նաև վիրավորներ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Իրաքի կառավարական ուժերը լքել են Քիրքուքը զինյալների հարձակման հետևանքով, սակայն Իրաքի պաշտպանության նախարարությունից հերքել էին այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ԻՊ զինյալները Քիրքուքի հատվածում հարձակվել էին Իրաքի կառավարական ուժերի կողմից կռվող «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատների շարասյան վրա՝ սպանելով 27 մարտիկի: Հաջորդ օրերին ԻՊ զինյալների հարձակումները շարունակվել են:
Նավթով հարուստ Քիրքուք քաղաքը մինչև 2017 թ. հոկտեմբեր վերահսկում էր Իրաքյան Քրդստանը: Սակայն նույն տարվա հոկտեմբերի կեսերին քաղաքը և շրջակա գյուղերը գրավեցին Իրաքի զինուժը և կառավարամետ «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորումը:
Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերի վերջին Իրաքի պաշտոնապես հայտարարել է «Իսլամական պետության» ոչնչացման մասին, սակայն այդ երկրում դեռ շարունակում են գործել ԻՊ որոշ խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ակտիվանում են և հարձակումներ են գործում: