Վաշինգտոնում կանցկացվի Սիրիայի հարցով Թուրքիա-ԱՄՆ տեխնիկական կոմիտեի առաջին նիստը

Թուրքական պետական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի՝ փետրվարի 15-16-ին Անկարա այցելության ընթացքում կողմերը համաձայնել էին ստեղծել Թուրքիա-ԱՄՆ 3 տեխնիկական կոմիտե, որոնք զբաղվելու են Սիրիայի, Իրաքի և Գյուլենի «կառույցի» հետ կապված հարցերով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մարտի 8-9-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվելու է Թուրքիա-Միացյալ Նահանգներ տեխնիկական կոմիտեի առաջին հանդիպումը: Հանդիպման օրակարգում առաջին հերթին լինելու է սիրիական հակամարտությունը:

Ըստ աղբյուրի՝ հատկապես ուշադրության կենտրոնում է լինելու Սիրիայի Մանբիջ քաղաքի հարցը և այնտեղից քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև YPG-ի դուրսբերման խնդիրը:

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Միևնույն ժամակ, Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հերքել է Աֆրինում լարվածությունը թուլացնելու համար Թուրքիայի և Միացյալ Նահանգների դիվանագիտական բանակցությունների ունենալու մասին Պենտանգոնի խոսնակի հայտարարությունը: Փոխանցում է Թուրքիայի ԱԳՆ կայքը:

Հատկանշական է, որ մյուս՝ Գյուլենի «կառույցի» հետ կապված կոմիտեն, պետք է զբաղվի նաև երկու երկրների միջև առկա վիզաների ճգնաժամի, Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման խնդիրներով:

Կոմիտեների կազմում հիմնականում ընդգրկված են Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին մի քանի տարիներին բավականին լարված վիճակում են: Հատկապես սիրիական հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի այս երկու դաշնակիցները չեն կարողնում մի շարք հարցերում համաձայնության գալ:

 ԱՄՆ աջակցում է Սիրիայի քրդական ուժերին, որոնք Թուրքիան համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի «սիրիական թև և ահաբեկչական կառույց»: Թուրքական կողմը բազմիցս պահանջել է դադարեցնել քրդական ուժերին ռազմական և ֆինանսական աջակցության տրամադրումը, ինչպես նաև այդ ուժերի դուրսբերումը սիրիական Մանբիջ քաղաքից:

Թուրքիայի նախագահը նույնիսկ հայտարարել է, որ եթե Մանբիջում ամերիկացի զինծառայողները իրենց դեմ դուրս գան, ապա թող պատրաստ լինեն «Օսմանյան ապտակ» ստանալ: Թուրքիան ամենաբարձր մակարդակներով սպառնում է Մանբիջում նույնիսկ կռվել ամերիկացի զինծառայողների դեմ, ովքեր պաշտպանում են քրդական ուժերին:

«Օսմանյան ապտակ». աղբյուրը՝ թուրքական A Haber հեռուստաալիքի

«Օսմանյան ապտակ». աղբյուրը՝ թուրքական A Haber հեռուստաալիքի

Բացի այդ, Թուրքիան հունվարի 20-ից սկսած ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ: Ամերիկյան կողմը մի քանի անգամ զգուշացրել է, որ Թուրքիան սահամանափակի գործողությունների մասշտաբները և չգնա իրավիճակի էլ ավելի էսկալացման:

Միևնույն ժամանակ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում ևս մեկ կարևոր խնդիր է Ֆեթուլլա Գյուլենը, ով բնակվում է Նահանգներում և թուրքական կողմից մեղադրվում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար: Թուրքիան բազմիցս պահանջել է Միացյալ Նահանգներից Թուրքիա արտահանձնել Գյուլենին, սակայն դեռևս որևէ արդյունքի չի հասել:

Բացի այդ, Միացյալ Նահանգներում այնքան էլ «դրական չեն դիտարկում» Թուրքիայի կողմից ռուսաստանյան Ս-400 ԶՀՀ-ներ գնելու մասին որոշումը: Ամերիկյան մի շարք պաշտոնյաներ հայտարարում են, որ այդ համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգի հետ: Թուրքական «Հաբերթյուրք» կայքի լրագրողը պնդում է, թե եվրոպացի մի շարք լրագրողների հետ դռնփակ հանդիպման ժամանակ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս իրավիճակին կարող եք ծանոթանալ նաև Հանրային Ռադիոյի և Razm.info-ի հաղորդման ընթացքում.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *