ՀՀ ՊՆ «Զառ» խաղաղապահ ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որի ժամանակ մշակվել են պաշտպանական և հակահարձակման գործողություններ: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հերթական թողարկումից:
Նշվում է, որ վարժանքները մոտեցված են եղել մարտական պայմաններին և տարածաշրջանային մարտահրավերներին: Գործողություններին հետևել են հրամանատարական կետում:
Զորավարժության սցենարով՝ հակառակորդը ականանետային կրակ է բացել և փորձել է ներխուժել հենակետ՝ ճեղքելով պաշտպանությունը առաջնագծի առավել նոսր հատվածում:
Հրետանային հարվածից հետո հայկական անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության, ապա հարձակումը կասեցնելուց հետո դիմել հակահարձակման:
Հակահարվածի համար ձևավորված ջոկատը դիրքի կրակային աջակցությամբ անցել է արգելագոտիները և բախվել հակառակորդի երկրորդ ստորաբաժանմանը:
Հակահարձակողական ջոկատը կորուստներ է կրել, սակայն կարողացել է շրջանցել հակառակորդին և ոչնչացրել նրանց անձնակազմի մեծ մասին:
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը հայտնել է, որ պարապմունքի ժամանակ ջոկը գործել է գրագետ, կարողացել է «ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խումբը և գերեվարել նրանցից մեկին»:
Սակայն գնդապետի խոսքով՝ պարապմունքի հիմնական նպատակը եղել է ոչ թե կողմերից մեկի հաղթանակը, այլ շարքայինների, սպաների, ենթասպաների ճիշտ մարտավարությունը:
Նշենք, որ տեսանյութից երևում է, որ վարժանքների ընթացքում կիրառվել է այն համակարգերը, որոնց միջոցով հնարավոր է լինում արձանագրել պայմանական խոցումները:
Այն զենքի վրա դրվող լազերային համակարգ է, որը ճառագայթ է արձակում, ինչպես նաև կան զրահաբաճկոնին կցվող ընդունիչներ, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյոք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու: Այս համակարգն առաջին անգամ չի կիրառվել: Մանրամասն՝ այստեղ: