Ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում Իրանը ռազմաբժշիկներ է ուղարկել Իրաք և Սիրիա

Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ռազմաբժիշկների խմբեր է ուղարկել այդ երկրներ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ առողջապահության և բժշկական կրթության հարցերով տեղակալ, գեներալ Ահմադ Աբադոլլահին։ Փետրվարի 26-ի տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի ԶՈւ շարժական հոսպիտալ

Իրանի ԶՈւ շարժական հոսպիտալ

Ըստ Աբադոլլահիի՝ ռազմաբժիշկները Սիրիա և Իրաք ուղարկվել են այդ երկրների խնդրանքով։ Այլ մանրամասներ Աբադոլլահին չի հայտնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017 հուլիսին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած պայքարում Իրանը աջակցել է Իրաքին՝ սպառազինություն մատակարարելով այդ երկրին։

Ռոհանիի հայտարարության համաձայն՝ «Իրանը նաև հոգացել է Սիրիայի կարիքները»։

Իրաքին զենքով ապահովելու մասին մինչ այդ  հայտարարել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Սակայն Իրանը մշտապես հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այս երկրներում և իր օգնությունը որակում է որպես «խորհրդատվական»։ Իսկ Սիրիայում և Իրաքում զոհվող իրանցի մարտիկները, ըստ Իրանի, կամավորներ են։

Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *