Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող զինվորականներն ուսուցիչներ կդառնան

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր ծրագիր է սկսել «Զինվորից՝ ուսուցիչ» խորագրով, որի նպատակն է օգնել պաշտոնաթող զինվորականներին աշխատանք գտնել։

Այնուհանդերձ, շատ ծնողների սարսափեցնում է նման հեռանկարը։

Խնդիրն այն է, որ պաշտոնաթող զինվորականների զգալի մասը չունի բարձրագույն կրթություն, ուստի պետությունը մտադիր է օգնել նրանց մանկավարժի գործում հմտանալու։ Դրա համար նախատեսվում է 2 տարվա դասընթաց. 2014-ի հունվարից ընտրված նախկին զինվորականները պետք է շաբաթը 4 անգամ մանկավարժության հիմունքներ ուսանեն դպրոցներում և 1 անգամ՝ համալսարանում։ Երկամյա դասընթացից հետո նրանք կստանան վկայականներ, ինչն էլ արդեն իրավունք կտա վերջիններիս դասավանդել տարրական և ավագ դասարաններում։

m_785285

Եթե ծնողները պարզապես վախեցել են «անկիրթ զինվորականի» կերպարից, ապա ուսուցիչների արհմիությունները հանդես են եկել առավել փաստարկված դիրքորոշմամբ։

Ըստ նրանց՝ երկու տարին չի բավականացնի՝ երեխաների հետ շփվելու և աշխատելու հմտությունները յուրացնելու համար, քանի որ զինվորների ջոկատն ու երեխաներին ղեկավարելը և վերահսկելը լիովին այլ հասկացություններ են։

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ զինվորականների ներգրավվումը մանկավարժների շարքերը լավ միտք է։ Կրթության նախարար Դևիդ Լոուսը հայտարարել է, որ նախկին զինվորականները գերազանց մանկավարժներ կդառնան։ ՊՆ-ից ևս ողջունում են այս գաղափարը՝ կարևորելով, որ զինվորականներն ունակ կլինեն երեխաներին սովորեցնել կարգուկանոն, առաջնորդության ձգտում և թիմում աշխատելու ունակություն։

Նշենք, որ առաջին արդյունքները պարզ կլինեն միայն 2016-ին, երբ զինվորականների խումբը կավարտի դասընթացը և իր ուժերը կփորձի մանկավարժության ոլորտում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *