2017-ի ընթացքում թուրքական «Օթոքար» (Otokar) ընկերությունը Թուրքիայի ուժային կառույցներին և մի շարք այլ երկրների վաճառել է տարբեր տեսակների 433 միավոր զրահամեքենա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը անցած տարի շուրջ 150 միլիոն դոլարի արտահանում է իրականացրել: Ընկերության ստացած եկամտի 31 տոկոսը բաժին է ընկնում հենց արտահանման ծավալներին:
2016-ին թուրքական ընկերությունը վաճառել է 595 զրահամեքենա, այսինքն 2017-ի վաճառքի թիվը նվազել է 27-ով: Աղբյուրը նաև նշում է, որ անցած տարվա ընթացքում թուրքական ընկերությունը ՄԱԿ-ի առաքելություններում ներգրավվելու նպատակով «Կոբրա-2» զրահամեքենաներ է արտահանել ասիական երկրներից մեկին, երկրի կոնկրետ անվանումը չի նշվում:
«Անադոլու» գործակալությունը հայտնում է նաև, որ «Օթոքար» ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրություններում իր գործընկերոջ հետ ստեղծել է Al Jasoor ընկերությունը, որն էլ ԱՄԷ զինուժին 8×8 ընթացամասով զրահամեքենաներ վաճառելու նպատակով 661 ամերիկյան դոլարի պայմանագիր է կնքել:
«Օթոքար» ընկերությունը 2014-ին վաճառել է 368 միավոր, 2015-ին՝ 487 միավոր: Ընկերությունը Թուրքիայից զատ զրահամեքենաներ և այլ զինտեխնիկա է վաճառում 30-ից ավել երկրների զինված ուժերի:
Նշենք, որ Otokar ընկերությունն արտադրում է 4×4 ընթացամասով 4 տեսակի զրահամեքենա` «Կոբրա», «Կոբրա-2», «Ուրալ» և «Քալե», 8×8 ընթացամասով Arma զրահախոդրիչները:
«Կոբրա» 4×4 ընթացամասով զրահամեքենայի արտադրությունը սկսվել է 1997 թվականին:
- Անձանակազմը՝ մինչև 8 զինծառայող,
- Առավելագույն արագությունը՝ 110 կմ/ժ,
- Զանգվածը՝ 4,8 տոննա,
- Սպառազինությունում առկա են 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներ։
«Կոբրայի» արդիականացված տարբերակի անձնակազմը 9-ից 10 մարդ է (10 մարդ կարող է տեղափոխել զրահափոխադրիչի ամֆիբիա տարբերակը):
Նշենք, որ թուրքական «Օթոքար» ընկերության 4×4 ընթացամասով «Ուրալ» զրահամեքենան առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր Ստամբուլում կայացած IDEF-2013 ռազմական ցուցահանդեսի ժամանակ։
- Անձնակազմը՝ կարող է տեղափոխվել մինչև 10 դեսանտային,
- Մեքենայի զանգվածը՝ 6,2 տոննա,
- Առավելագույն արագությունը՝ մինչև 110 կմ/ժ:
4×4 ընթացամասով «Քալե» զրահամեքենան առաջին անգամ ներկայացվել է 2014-ին:
- Անձնակազմը և դեսանտը՝ 13 զինծառայող,
- Առավելագույն արագությունը մինչև 100 կմ/ժ,
- Սպառազինությունում առկա է 7,62 մմ գնդացիր:
Arma զրահափոխադրիչը թուրքական ընկերությունը ներկայացնում է 8×8 ընթացամասով:
- Մեքենայի անձնակազմը 2 մարդ է, հետևակի քանակը՝ 8 մարդ,
- Առավելագույն արագությունը՝ 105 կմ/ժ,
- Մեքենայի բազային տարբերակը զինված է 12,7 ու 7,62 մմ գնդացիրներով: