Փետրվարի 27-ից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում ժամանակավոր հրադադար կհաստատվի: Ռազմական գործողություններում դադարը միայն օրվա որոշ ժամերի կլինի՝ 09:00-ից մինչև 14:00: Նպատակը դադարների ընթացքում խաղաղ բնակչության դուրսբերումն է: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն. Փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Յուրաքանչյուր օր, սկսած փետրվարի 27-ից, տեղի ժամանակով ժամը 09:00-ից 14:00-ի հատվածում, Դումա և Արբիլ բնակավայրերի շրջանում սահմանվում է հումանիտար դադար: Այդ ժամանակահատվածում սիրիական կառավարական ուժերը կդադարեցնեն հարվածել ահաբեկիչներին», – հայտարարել է գեներալ Եվտուշենկոն:
Հիշեցնենք, որ Արևելյան Ղուտան վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել: Գործողությունների ընթացքում թիրախային գոտում հայտնվել են նաև խաղաղ բնակիչներ:
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանտիար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել: Ինչպես տեսնում ենք, Դամասկոսն ընդունեց հրադադարի կոչը:
Թուրքիան, սակայն, հրաժարվում է դադարեցնել գործողությունները սիրիական Աֆրինում: