Մինչ այս արդեն հայտնի էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց նվիրել է 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որից երկուսը՝ ուսումնական: Այժմ էլ Մոսկվան պատրաստվում է Բելգրադին հատկացնել 2 մլն եվրո՝ կործանիչների օդաչուներ պատրաստելու համար: Այս որոշման մասին հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը. Փոխանցում է Lenta.ru-ն:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեզ համար մեծ օգնության հավանություն է տվել …, որը կուղղվի մեր օդաչուների՝ ՄիԳ-29-ների ապագա օդաչուների, պատրաստմանը», – հայտարարել է սերբ պաշտոնյան:
Դեռևս 2016 թվականի վերջին Սերբիայի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանը իրենց անհատույց 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք կտրամադրի:
Ավելացնենք, որ, բացի Ռուսաստանից, 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ էլ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կործանիչներից բացի, Սերբիային անհատույց կտրամադրվի նաև 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր։
2017 թ. վերջին արդեն հայտնի էր, որ Ռուսաստանը կործանիչները փոխանցել է Սերբիային: Բելգրադը կվճարի միայն կործանիչների արդիականացման համար: Նույն տարվա նոյեմբերին սերբական կողմը ստացած կործանիչներից մեկն արդեն իսկ հետ էր ուղարկել Ռուսաստան՝ արդիականացվելու: