Փետրվարի 26-ին Թուրքիան ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի հերթական խումբ է ուղարկել թուրք-սիրիական սահման, որտեղից էլ դրանք անցելու են Սիրիայի Աֆրին շրջան և միանալու են քրդական ուժերի դեմ գործողություններին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ժանդարմերիայի և ոստիկանության ուժերին տեղափոխող մեծ թվով զրահամեքենաները հասել են երկրի հարավային Հաթայ նահանգ, որտեից էլ անցնելու են թուրք-սիրիական սահմանը:
Փետրվարի 25-ին ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինների ևս մեկ խումբ ուղարկվել է թուրքական մեկ այլ նահանգ՝ Քիլիս, որտեղից էլ այդ ուժերը այնուհետև անցել են սիրիական Աֆրին և միացել թուրք ուժայինների գործողություններին:
Հիշեցնենք, որ բացի թուրք ուժայիններից, Աֆրինում քրդերի դեմ գործողություններին ներգրավված են նաև Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ քրդական ուժերի դեմ գործողություններին միանում է նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմում գործող և հիմնականում քրդերից կազմված «Քուրդ բազեների բրիգադը»:
Ավելի վաղ էլ, թուրքական կողմը գործողություններին ներգրավվել է «գյուղական պահապաններին», որոնք ևս հիմնականում քրդերից կազմված զինված ստորաբաժանումներն են և Թուրքիայի տարածքում կռվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ:
Սրանով թուրքական կողմը և Անկարայի աջակից զինյալները ձգտում են նորից բաժանարար գծեր դնել քրդերի միջև՝ հստակ տարանջատելով քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Անկարայի քրդերին»: Թուրքիան YPG-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղ և «ահաբեկչական կառույց»:
Աֆրինում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսվել է հունվարի 20-ից: Թուրքական զինուժը Աֆրինում մինչև այժմ կորցրել է առնվազն 35 զինծառայող, ինչպես նաև «Աթաք» ուղղաթիռ, մի քանի «Լեոպարդ» տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ և այլ զինտեխնիկա: