Թուրքական ժանդարմերիան ստացել է առաջին T-129 Atak հարվածային ուղղաթիռը

Փետրվարի 23-ին Թուրքիայի ժանդարմերիան (ներքին զորքեր) ստացել է առաջին T-129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը: Ապագայում նախատեսվում է թուրքական այդ կառույցին, որը բանակից հետո երկրորդն է իր անձնակազմով և զինվածությամբ, հանձնել ընդհանուր 18 միավոր նման ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական Kokpit.aero մասնագիտացված կայքը: 

Թուրքիայի ժանդարմերիայի առաջին T-129 Atak ուղղաթիռը. 23.02.2018

Թուրքիայի ժանդարմերիայի առաջին T-129 Atak ուղղաթիռը. 23.02.2018

Այս ուղղաթիռի համարը և անվանումը խորհրդանշական-քարոզչական բնույթ են կրում: Այն անվանվել է J-1453 Fatih: Fatih-ը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նվաճում», իսկ 1453-ը Կ. Պոլսի «նվաճման» տարեթին է:

Դեռևս դեկտեմբերին թուրքական կողմը հայտնել էր, որ այս ուղղաթիռներից 18 միավոր կստանա ժանդարմերիան, իսկ ևս 9 միավոր՝ «Անվտանգության գլխավոր տնօրինությունը» (ոստիկանություն): Երկուսն էլ ներկայում ներքին գործերի նախարարությանը ենթակա կառույցներ են:

Ավելացնենք, որ Թուրքիայի բանակը մինչ օրս ստացել է 25 միավոր նման ուղղաթիռ, այն էլ՝ առնվազն 3 տարվա ընթացքում: Սակայն ուղղաթիռներից առնվազն մեկը Թուրքիան արդեն հասցրել է կորցնել Սիրիայի Աֆրին շրջանում 2018 թ. հունվարի 20-ից սկսած ռազմագործողության ընթացքում:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:
Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *