Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Փետրվարի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այցելել է պոլիտեխնիկական համալսարան: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահը, կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, պաշտպանության նախարարի տեղակալը և համալսարանի ռեկտորը շրջել են գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:

Նշվում է, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

Պաշտոնյաները օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում

Պաշտոնյաները օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում

Շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը` հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաև ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման և աջակցության գործը:

Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *