Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ. 22.02.2018
ՀՀ պաշտպանության նախարարը Տոյվո Կլաարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը: Այնուհետև, անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», ” նշել է Վիգեն Սարգսյանը:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:
Վիգեն Սարգսյանը կարևորել է Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման գործում, քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը, համաձայն հաղորդագրության, հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է՝ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: