Թուրքիան Աֆրին է ուղարկել նաև ռազմածովային ուժերի հատուկջոկատայիններին

Թուրքիան Աֆրին է ուղարկում նաև ստորաբաժանումներ ռազմածովային ուժերից: Փետրվարի 22-ին հայտնի է դարձել, որ Աֆրինում քրդերի դեմ գործողություններին ներգրավվում են նաև Թուրքիայի ՌԾՈւ «ստորջրյա պաշտպանության» (SAS) հատուկ նշանակության ուժերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ՌԾՈւ ստորջրյա պաշտպանության ուժերը ականազերծման աշխատանքների ժամանակ

Թուրքիայի ՌԾՈւ ստորջրյա պաշտպանության ուժերը ականազերծման աշխատանքների ժամանակ

Ըստ աղբյուրի՝ ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերը ներգրավվելու են Աֆրինում ինքնաշեն պայթուցիկ սարքերի և ականների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներին:

Նշենք, որ վերջին օրերին Թուրքիան Աֆրին է ուղարկում նաև ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերին: Միևնույն ժամանակ քրդերի դեմ գործողություններին ներգրավվել են նաև «գյուղական պահապանները», որոնք Թուրքիայի տարածքում ներքին գործերի ենթակայության ներքո կռվող և հիմնականում քրդերից կազմված ուժեր են: Դրանք ներգրավված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի, դեմ պայքարում:

Ըստ երևույթին, «Գյուղական պահապանների» ոչ մեծ թվաքանակով ուժերի ուղարկումը Աֆրին ունի ավելի շատ քարոզչական և քրդերի մեջ ևս մեկ անգամ սեպ խրելու նպատակ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ թուրքական կողմի գործողությունների դեմ պայքարելու համար Աֆրին են ուղարկվել Սիրիայի կառավարական բանակի կողմից կռվող «ժողովրդական ուժեր: Փետրվարի 21-ին այդ ուժերի երկրորդ խումբը հասել է Աֆրին:

Թուրքական ժանդարմերիայի շարասյուն՝ Սիրիայի Աֆրինում. 13.02.2018

Թուրքական ժանդարմերիայի շարասյուն՝ Սիրիայի Աֆրինում. 13.02.2018

Հավելենք, որ Թուրքիան Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի, դեմ գործողությունը սկսել է հունվարի 20-ից: Գործողությանը ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, նրանց աջակցող զինյալները:

Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին մեծ թվով կորուստներ է կրել, այդ թվում՝ տեխնիկայի: Թուրքիան արդեն իսկ կորցրել է առնվազն 34 զինծառայող: Բացի այդ, Թուրքիայի կողմից հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են Թուրքիայի հովանավորյալ զինյալներ, որոնց կորուստների մասին չի հայտարարվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *