Փետրվարի 12-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախնական տվյալներով մահվանը պատճառը առողջական է եղել. զինծառայողը արձակուրդից վերադարձել է Իջևանի զորամաս, որտեղ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Զինծառայողի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր «Առավոտ» լրատվակայքը:

[Լրացում] Փետրվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ   հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր  զինծառայող, շարքային Ստեփան Սևակի Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ:

2018 թվականի փետրվարի 12-ին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Ստեփան Սևակի Ստեփանյանը։ Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։

Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, տեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *