Լավրովը Դամասկոսին քրդերի հետ երկխոսության կոչ է անում

Այսօր՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն այս կամ այն էթնիկ և կրոնական խմբերի հետ, ներառյալ՝ քրդերի: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ Սիրիայի կառավարությունը պետք է առաջնորդվի իր երկրի ողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սկզբունքով: Լավրովը նշում է, որ երկխոսության հիման վրա «բացարձակ իրատեսական է արյունահեղության կասեցումը, կարգավորման կայուն գործընթացի մեկնարկի ապահավումը»:

Հավելենք, որ «ՌԻԱ Նովոստիի» նյութում ներկայում Սիրիայի քրդական ուժերի վերահսկած տարածքներն անվանվում են «սիրիական Քրդստան»:

Հատկանշական է, որ ՌԴ արտգործնախարարը նման հայտարարություն անում է այն բանից հետո, երբ փետրվարի 20-ին Սիրիայի Աֆրին շրջան մտան Դամասկոսի աջակցությամբ գործող ուժեր: Սա բավականին մեծ իրարանցում առաջացրեց, ընդհուպ մինչև այն, որ Թուրքիան նախագահի և արտգործնախարարի մակարդակով նշում էին, որ իրենց «ոչ ոք չի կանգնեցնի», «Սիրիայի ռեժիմն իրավունք չունի ահաբեկիչների հետ բանակցել» և այլն:

Թուրքիան Սիրիայի քրդական հիմնական ուժին, որն էլ փաստացի այդ տարածքները վերահսկում է՝ համարում է «ահաբեկչական»: Այժմ ՌԴ արտգործնախարարը Դամասկոսին կոչ է անում երկխոսություն սկսել Սիրիայի քրդերի հետ: Հատկանշական է, որ Թուրքիան մինչ օրս Սիրիայի տարածքում ուժեր է տեղակայում Աստանայում հենց գլխավորապես Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի հետ բանակցություների արդյունքում:

Հավելենք, որ Լավրովը փետրվարի 21-ին նաև Սիրիայում առկա միջազգային ուժերին է կոչ արել երկխոսություն սկսել Դամասկոսի հետ:

Դեղին գույնով նշված տարածքների հիմնական մասը Սիրիայի քրդերն են վերահսկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *