Փետրվարի 21-ին Թուրքիայի հարավարևելյան՝ Իրաքին սահմանակից, Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ գործողությունների ժամանակ PKK-ի զինյալները գործի են դրել նախապես տեղակայված ինքնաշեն պայթուցիկ սարքը, որի արդյունքում էլ թուրքական կողմը ունեցել է կորուստներ: Դեպքը մասնավորապես եղել է Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի՝ անմիջապես Իրաքի հյուսիսային շրջանների դիմաց տեղակայված թուրքական բազաներից մեկի մոտ:
Հիշեցնենք, որ Հաքքարի նահանգի մի շարք շրջաններում, այդ թվում նաև Շեմդինլի նահանգում՝ քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների անցկացման համար հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»:
Հաքքարի նահանգը թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Այս նահանգը անմիջապես սահմանակից է Իրաքի հյուսիսային այն հատվածներին, որտեղ գտնվում են քրդական կառույցի հիմնական բազաներն ու ճամբարները:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում: